Երեխայի անձի ձևավորումը

Անձի ձևավորման մասին փաստացի կարելի է խոսել 3 տարեկանից սկսած, երբ երեխան ինքն իրեն դիմում է ոչ թե անունով, այլ անձնական դերանունով: Սակայն դեռևս նրա անձի մի շարք ոլորտներ, օրինակ` ինքնագնահատականը, ներքնայնացված չեն, որի համար երեխան անընդհատ փորձում է իրեն
ճանաչել հիմնականում մեծահասակների արձագանքներում: Այդ պատճառով երեխայի համար մեծագույն նպատակ է դառնում մեծահասակների կողմից խրախուսանքի արժանանալը, ընդունված և սիրված լինելը և պատժից խուսափելը: Նրա ողջ կենսագործունեությունը ուղեկցվում է բուռն հուզականությամբ: Երեխայի մեջ արթնանում է նախաձեռնողականությունը, որը տանում է դեպի երեխայի ինքնահաստատումը տարբեր գործունեությունների դրսևորման մեջ: Ակտիվորեն դրսևորվում է երեխայի համարձակ ստեղծագործականությունն ու երևակայությունը: Կազմավորվում է երեխայի ինքնագիտակցությունը, որում ինքնագնահատականը մեծ մասամբ կախված է արտաքին գնահատականից: Այս տարիքում տեղի է ունենում իրար հակասող, անձի ձևավորման համար շատ կարևոր երկու գործընթաց` սերտ հուզական կապի մեջ գտնվող միջավայրի նմանակում /մանկական էմպատիայի դրսևորում/ և ինքնուրույնության ու ակտիվ ինքնաճանաչման ձգտում /ամեն բան ինքնուրույն անելու ցանկություն/: Առաջին գործընթացում երեխան ձգտում է ձուլվել միջավայրին, հատկապես մեծահասակների` այն ավելի լավ յուրացնելու համար, իսկ երկրորդում փորձում է առանձնացնել, անջատել իր եսը միջավայրից: Դաստիարակչական միջավայրի մեծագույն խնդիրն այն է, որ այն պետք է նպաստի այս երկու գործընթացների հավասարաչափ բավարարմանը, հակառակ դեպքում երեխան կամ կդառնա ռեֆերենտ անձից կախյալ` չունենալով սեփական «ես»-ը, կամ երեխայի մոտ կարթնանա բազային տագնապ ու անվստահության զգացում, որի արդյունքում նույնպես «ես»-ը չի ամրանա:
Երեխայի հիմնական գործունեությունը խաղն է: Իսկ ընդհանրապես խաղը երեխայի կյանքում թե՜ բոլոր ուղղություններով զարգացման գրավականն է և թե՜ ինքնադրսևորման ու ճանաչման միջոց: Ընդ որում այս տարիքում գերակշռող են դերային խաղերը:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)